Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները․ ի՞նչ են քննարկել

17.04.2026, 14:37
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը
Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները․ ի՞նչ են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը: 

Զրուցակիցները ընդգծել են Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար: 

Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ շփումները: 

Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կաևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար: 

Նշենք, որ Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։