«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» վերտառությամբ տեսանյութ է հրապարակվել, «Երևան ավտոբուսից» մեկնաբանել են (ՎԻԴԵՈ)

27.04.2026, 12:01
«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն մեկնաբանել է սոցցանցերում հրապարակված աղմկահարույց գրառումը․ ՎԻԴԵՈ
«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» վերտառությամբ տեսանյութ է հրապարակվել, «Երևան ավտոբուսից» մեկնաբանել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն մեկնաբանել է սոցցանցերում հրապարակված աղմկահարույց գրառումը։

«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝

տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը»,– նշված է «Երևան ավտոբուս» ընկերությա հաղորդագրության մեջ։ 

Ընկերությունից նշում են, որ նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ։ 

«Կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։ Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը», – նշված է հաղորդագրության մեջ։