Երևան–Սևան ճանապարհին Porsche–ն մխրճվել է երկաթե արգելապատնեշին․ 45–ամյա վարորդը տեղում մահացել է

24.04.2026, 15:16
Վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության
Երևան–Սևան ճանապարհին Porsche–ն մխրճվել է երկաթե արգելապատնեշին․ 45–ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։

MyCollages - 2026-04-24T152100.351.jpg

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։

Шамшян, ДТП

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտաքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո, օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, մինչդեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվել ու մահացել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։