Էրդողանը կրկին Հայոց ցեղասպանության զոհերին անվանել է «Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված օսմանյան հայեր»
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ուղերձ է հղել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայ համայնքին, որն ընթերցվել է Ստամբուլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ մատուցված պատարագի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։
Ինչպես ամեն տարի, Էրդողանն այս անգամ նույնպես ուղերձը սկսել է նույն խոսքերով՝ նշելով. «Այս տարի նույնպես հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված օսմանյան հայերին և ցավակցություն հայտնում նրանց թոռներին»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում «օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, ավազակախմբերի գործողությունների և հիվանդությունների պատճառով օսմանյան ժողովուրդները մեծ տառապանքներ են կրել»։
«Ցավոք, մեծ տառապանքներ են կրել նաև հայերը՝ օսմանյան քաղաքացիները, ովքեր ապրել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ և արժեքավոր ներդրում են ունեցել տարբեր ոլորտներում»,- նշել է Էրդողանը՝ պնդելով, թե «Թուրքիայի Հանրապետությունը կարողացել է, չմոռանալով այդ ցավը, հասկանալ, թե ինչպես հաղթահարել այն»։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք ձգտում են ապագա սերունդներին թողնել այնպիսի ժառանգություն, որտեղ «ճշմարտությունը կապում են խղճի, այլ ոչ թե վատ հիշողությունների հետ»։
«Որպես 86 միլիոնանոց երկիր՝ մենք միասին կկառուցենք մեր ապագան և այն ժառանգությունը, որը կթողնենք մեր թոռներին։ Այս մտքերով կրկին կիսում եմ հայ հասարակության կողմից անցյալում ապրած ցավը և ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում բոլոր զոհված օսմանյան քաղաքացիների հիշատակը»,- ասված է Էրդողանի ուղերձի եզրափակիչ մասում։

