Հայոց ցեղասպանության տարելիցը հավաքական հիշողության պահպանման կարևորությունն ընդգծելու հնարավորություն է. Լիբանանի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այս ամսաթիվը հնարավորություն է ընդգծելու հավաքական հիշողության պահպանման, արդարության ու մարդկային արժանապատվության արժեքների խթանման, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի կառուցման կարևորությունը։
«Մենք խորը ցավով ենք հիշում այս մարդկային ողբերգության զոհերին և հիշեցնում տոկունության ու սեփական ինքնությանը հավատարիմ մնալու նշանակության մասին։ Լիբանանն ապահով ապաստան է եղել հայերի համար, ովքեր այնտեղ գտել են իրենց երկրորդ հայրենիքը՝ ներդրում ունենալով նրա կառուցման ու բարգավաճման գործում և դառնալով նրա ազգային էության ու հարուստ բազմազանության անբաժանելի մասը», - ասված է X-ի նախագահական վարչակազմի էջում հրապարակված Աունի հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք հայ ժողովրդին և վերահաստատում Լիբանանի հավատարմությունը իր առաքելությանը՝ որպես ազատության և բազմազանության երկիր, ինչպես նաև նրա համոզմունքը, որ հիշողության պահպանումը հիմնարար հենասյուն է ողբերգությունների կրկնությունը կանխելու գործում», - նշվում է հայտարարության մեջ։
Այս տարի հայ ժողովուրդը հիշատակում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

