Թրամփն ու Փաշինյանը հեռախոսազրույց չեն ունեցել․ Նազելի Բաղդասարյանը հերքում է

24.04.2026, 15:02
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվող  կեղծ տեղեկությունը
Թրամփն ու Փաշինյանը հեռախոսազրույց չեն ունեցել․ Նազելի Բաղդասարյանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվող կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։

Նա նշել է, որ X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ 

«Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել», –հայտնել է Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։ 

Նա նշել է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ 

«Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես, հաշվի առնելով դրա տարածման մեթոդաբանությունը՝ X հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը, դիտարկում ենք որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ», – նշել է Բաղդասարյանը։ 

Նա հորդորել է լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը։