Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում։ Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի», - ասաց Փաշինյանն իր ուղերձում։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը վճռականություն է դրսևորել առավել խորությամբ հասկանալու անցյալի պատմությունը՝ ապագայում դրա կրկնությունը թույլ չտալու համար։
«Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա», - նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29,743 կմ² տարածքից դուրս։
Ըստ վարչապետի՝ այս տարածքը լիովին բավարար է հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։

