Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, ՅՈՒՆԵՍԿՕ–ին՝ Արցախում հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման հարցով

24.04.2026, 16:26
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է Համաշխարհային Եկեղեցիների խորհրդին, Հռոմի Պապին, ԱՄՆ սենատորներին ու կոնգրեսականներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման հարցով
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին,  ՅՈՒՆԵՍԿՕ–ին՝ Արցախում հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման հարցով

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է Համաշխարհային Եկեղեցիների խորհրդին, Հռոմի Պապին, ԱՄՆ սենատորներին ու կոնգրեսականներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման հարցով։

«Մի քանի օր առաջ ադրբեջանցիները քանդեցին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քար լռության պատճառով մեկ շաբաթ անց նրանք ոչնչացրեցին նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Լռությունը հանցագործություն է, մեղսագործություն։ Հասկանալի է, որ Հայաստանը, պաշտոնական Հայաստանը լռեց», - սոցցանցերում տարածած տեսաուղերձում հայտարարել է Մարտիրոսյանը։

Արքեպիսկոպոսը դիմել է նաև համայն հայությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում՝ Ավստրալիայից մինչև Ասիա, բոլոր հայկական քաղաքական կուսակցություններին, միություններին ու կազմակերպություններին։

«Բոլորը պետք է բարձրացնեն իրենց ձայնը Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության վերաբերյալ, ինչն իր հերթին հանգեցնում է ֆիզիկական ցեղասպանության։ Խոսե՛ք այդ մասին ամբողջ աշխարհում, այս ջարդերը մի օր պետք է կանգնեցվեն։ Մենք չպետք է լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունը նույնպես մեղք է, որը կհանգեցնի էլ ավելի մեծ մեղքի», - նշել է Մարտիրոսյանը։

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերման թեման զգուշավոր մոտեցում է պահանջում։ Նա չի կարծում, որ «դա պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդառնա»։

Ադրբեջանցի վանդալները շարունակում են սիստեմատիկաբար ոչնչացնել եկեղեցիները, հայկական խաչքարերը, պատմամշակութային այլ հուշարձանները Արցախի տարածքում՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ժառանգությունը՝ միջազգային հանրության լուռ թողտվության և լիակատար անգործության ներքո։