Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին, հայտնում են վարչապետի աշխատակզմից։
Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման։
Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։
Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։
Նա շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը, միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։

