Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ Գագիկ Ծառուկյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած ուղերձում կոչ է արել միասին պաշտպանել ազգային արժանապատվությունը։
«Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։ Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները», - նշված է ուղերձում։
Նա ընդգծեց, որ ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։
«Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է», - հայտարարեց Ծառուկյանը։
Ըստ նրա՝ նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։

