Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի ՀՀ ԱԺ ընտրություններին

23.04.2026, 18:20
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ ընտրություններին չմասնակցելու պատճառը
Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի ՀՀ ԱԺ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՄԱՍԿ-ի վարչությունը, հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում, վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Այս մասին հայտնել է կուսակցությունը Facebook-յան իր էջում։

«Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։ Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է», - նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար։

Նշենք, որ օրեր առաջ Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցությունը (ՄԱՍԿ) հրապարակել էր ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը։

Ցուցակը գլխավորում էր Օֆելյա Ավագյանը, որին հաջորդում էին Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։

Հովիկ Աղազարյանի շուրջ հյուսված սկանդալի մասին

2024 թվականի դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։

2024 հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։

Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։

Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2026 թվականի հունիսի 7-ին։