Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ

24.04.2026, 09:15
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ,  նշել է Մանասյանը
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը», - նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝   Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում։

Պաշտպանն ընդգծեց, որ անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային դաժան սպանությունները, բռնի տեղահանություններն ու անմարդկային տանջանքները մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էին, որոնցով խախտվեց մարդու կյանքի իրավունքը։

 «Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը` կանխարգելման կարևորագույն գործիք։ Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ», - նշել է Մանասյանը։

 Նա հայտնեց, որ ժամանակակից աշխարհում էլ իրականություն է էթնիկ հիմքով ատելության դրսևորումները։

Մանասյանի պնդմամբ՝ նման երևույթները պարարտ հող են նախապատրաստում մարդկության դեմ նոր հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։

 Ըստ ՄԻՊ-ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցը ևս մեկ հիշեցում է, որ պետք է լինել առավել համախմբված՝ պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։