Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հայող ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։
«Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները»,- նշված է ուղերձում։
Կաթողիկոսն ընդգծել է, որ այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց հայ ազգի ոգին, ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, և վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։
«Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը», - նշել է նա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը արձանագրել է, որ ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, և բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120 հազար արցախցիներ։
«Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը», - նշված է ուղերձում։
Ըստ կաթողիկոսի՝ համազգային միասնականությամբ է, որ հնարավոր է արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։
Այսօր Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցն է։

