Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման․ իսպանացի պատգամավոր

24.04.2026, 12:23
Պատգամավորը լիահույս է, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր համարձակություն կդրսևորեն՝ լիովին ճանաչելու տեղի ունեցածը
Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման․ իսպանացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման, հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

Պատգամավորը լիահույս է, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր համարձակություն կդրսևորեն՝ լիովին ճանաչելու տեղի ունեցածը։

«Պատմական ճշմարտությունն անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ, ի վերջո, դատապարտված է ձախողման։ Ես կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում ճանաչման կայուն և անշրջելի գործընթացի: Իմ կարծիքով՝ արդարացի է և անհրաժեշտ ճանաչել և հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հատկապես այնպիսի ժամանակներում, ինչպիսին ներկան է, երբ ամենաուժեղի և զանգվածային վայրագությունների օրենքը, կարծես, կրկին նորմալանում է աշխարհի տարբեր մասերում», – նշել է պատգամավորը «Արմենպրես»–ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Թուրքիան շարունակում է սպառնալ և ճնշում գործադրել ուրիշների վրա՝ փորձելով կանխել ճանաչումը, բայց սա մի ջանք է, որը մտավոր և բարոյական առումով անկայուն է:

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան, ի վերջո, կառերեսվի պատմական ճշմարտության հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Ջոն Ինյարիտուն ափսոսանքով է արձանագրել, որ Ցեղասպանության փաստը ժխտել են Թուրքիայի բոլոր կառավարությունները՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։

Նա հավելել է, որ ճշմարտության ճանաչումը չպետք է դիտարկվի որպես սպառնալիք, այլ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, պատմական արդարության և անցյալի հետ ավելի ազնիվ հարաբերությունների հիմք։

Պատգամավորը նաև խոսել է ներկայում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ այն համատեքստում, թե ինչ կերպ կարող է այս գործընթացն ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա։

Երկխոսությունը միշտ դրական է, և ես հույս ունեմ, որ այն կնպաստի երկու պետությունների և նրանց ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանը։ Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է հաշտվի մեկ էական իրականության հետ. աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր հայերը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք այն հայերի ժառանգներն են, որոնք մի ժամանակ ապրել են այն տարածքում, որն այժմ Թուրքիայի մաս է կազմում, որոնք այդ հասարակության մաս են կազմել և իրենց գիտելիքներով, մշակույթով, աշխատանքով և բարգավաճմամբ նպաստել են դրա զարգացմանը»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։