ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին՝ հավասարության նշան դնելով զոհի և դահիճի միջև. Կարապետյան

24.04.2026, 11:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին՝ հավասարության նշան դնելով զոհի և դահիճի միջև. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ վիշտ և մեկ ցավ՝ Հայոց ցեղասպանությունը։ Մենք սերունդներն ենք այն հայերի, որոնք զոհ են դարձել մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության», - նշված է ուղերձում։

Ըստ Կարապետյանի՝ այսօր հայերն ականատեսն են մի ցավալի և հայի համար անհավատալի իրականության, քանի որ այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին՝ հավասարության նշան դնելով զոհի և դահիճի միջև։

«Բացահայտորեն հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Բայց նրանք մոռանում են կամ անտեսում են մի կարևոր հանգամանք․ իրենց նման թույլերը գալիս ու անցնում են, բայց հայ ժողովրդի պատմական հիշողությունը մնում է։ Այն հարատև է։ Այդ հիշողությունը մեր գենետիկ կոդի մեջ է», - նշել է Կարապետյանը։:

Կուսակցության առաջնորդը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը առաջնահերթություն են, իսկ տնտեսական զարգացման համար փակ սահմանների առկայությունը խոչընդոտ է։

«Մենք կողմ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու կայունությանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա և առանց պատմական ճշմարտության ու ազգային արժանապատվության զիջման», - հայտարարել է Կարապետյանը։

Ըստ նրա՝ այն ազգը, որը չունի հիշողություն, նման է արմատներ չունեցող ծառի, որը շատ կարճ ժամանակում ջարդվում ու տապալվում է։

Կարապետյանն ընդգծել է, որ պատմությունը հայ ժողովրդին այլ ընտրություն չի թողել, քան լինել ուժեղ՝ նշելով, որ թուլության և անվճռականության հետևանքները մշտապես աղետալի են եղել։ Որպես օրինակ նա մատնանշել է Արցախի կորուստը, որը, ըստ նրա, տեղի է ունեցել հենց «թույլ և ապիկար իշխանությունների» օրոք։

«Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն։ Ուժեղ և խոհեմ ղեկավարը հենց նա է, որ կանխատեսում է ողբերգությունն ու կանխարգելում այն, և ոչ թե պատահածը մեկնաբանում ու փորձում արդարացումներ գտնել», - նշված է ուղերձում։

Կարապետյանն ընդգծել է, որ այսօր Սփյուռքի հայրենակիցների ու աշխարհասփյուռ հայության հետ ձեռք ձեռքի տված՝ իրենք մեկ նպատակ են դրել իրենց առջև՝ ունենալ ուժեղ Հայաստան։