Բյուրեղավանում 11 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանիշներով
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
«Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք», - նշված է հաղորդագրութան մեջ:
Հիվանդության արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
Նշվում է, որ ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։ Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բաղմաթիվ քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել են նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։
Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։

