Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ՆԳՆ

22.04.2026, 17:12
Սահմանափակումները պայմանավորված են հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով
Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն հետևյալ ճանապարհները.

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը,

Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․

Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից, ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։

Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։

ՆԳՆ -ն տեղեկացնում է, որ հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։

Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝

ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝

Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց - Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։