Բյուրեղավանում բազմաթիվ քաղաքացիներ նույնատիպ գանգատներով դիմել են պոլիկլինիկա. «Վեոլիա Ջուր»-ը համայնքում ստուգումներ է իրականացնում

22.04.2026, 15:04
Վերջին օրերին Բյուրեղավան քաղաքում բաղմաթիվ  քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել են նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում
Բյուրեղավանում բազմաթիվ քաղաքացիներ նույնատիպ գանգատներով դիմել են պոլիկլինիկա. «Վեոլիա Ջուր»-ը համայնքում ստուգումներ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին օրերին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բաղմաթիվ  քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել են նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։

Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ սահմանված կարգի համաձայն՝ նմանատիպ մի քանի դիմումների դեպքում պոլիկլինիկան պարտադիր տեղեկացնում է համապատասխան առողջապահական մարմիններին։

«Մենք օրենքով նախատեսված կարգով հայտնել ենք համապատասխան կառույցներին, և այժմ իրականացվում են ստուգումներ։ Մասնավորապես՝ կատարվում են ջրի և հնարավոր այլ աղբյուրների նմուշառումներ՝ պարզելու պատճառը», – ասել է տնօրենը։  

Նրա խոսքով՝ այս պահին որևէ վերջնական տվյալ դեռ չկա, և հետազոտությունները շարունակվում են։

«Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները համայնքում են, իրականացնում են նմուշառումներ և ստուգումներ։ Դեռևս որևէ բան չի հայտնաբերվել»,-հավելել է նա։

Տնօրենի փոխանցմամբ՝ դիմած քաղաքացիների առողջական վիճակը ներկայում գնահատվում է բավարար, իսկ նման գանգատներով նոր կանչեր չեն գրանցվել։  

«Հիվանդների վիճակը նորմալ է, կանչերը դադարել են։ Մենք շարունակում ենք սպասել ստուգումների արդյունքներին և գործում ենք սահմանված ընթացակարգով»,- ընդգծել է Վարդումյանը։

Առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ունեցել են շտապօգնության կանչեր` ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով:

«Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտութուն և նմուշառում: Գործընթացն ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք: Ծանր դեպքեր չունենք»,- նշեցին նախարարությունից:

Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։

«Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- ասված էր համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։