Հրազդան գետում դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա։
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և մարմինը չի երևացել։
Ժամը 22։00–ի սահմաններում դիակը հայտնաբերվել է։ Փրկարարները ճոպանների միջոցով ջրից դուրս են բերել դիակը։
Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին։

