Աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը «բեզռազմեռ» է․ Փաշինյանը խցանումների համար մեղադրում է Մարությանին

23.04.2026, 15:29
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է պատրաստվում լուծել Երևանում 10 բալանոց խայտառակ խցանումների հարցը
Աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը «բեզռազմեռ» է․ Փաշինյանը խցանումների համար մեղադրում է Մարությանին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Երևանում 10 բալանոց խցանումների լուծման իր տեսլականի վերաբերյալ հարցին։

«Աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը «բեզռազմեռ» է: Այսինքն՝ կա քանակ մեքենաների, որ կարող է գալ, մտնել, դուրս գալ, և կա քանակ, որը չի կարող: Պետք է, որ մենք՝ յուրաքանչյուրս, ուշադիր լինենք, նաև վարորդներն ուշադիր լինեն երթևեկության առումով, և մի ինչ-որ պահի ինչ-որ որոշում պետք է կայացվի», - ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցով։ 

Նրա խոսքով՝ 2018-ի ընտրություններից հետո ձևավորված քաղաքային իշխանությունն ու քաղաքապետը 1000 ձևերով, սեփական օրակարգերն առաջ մղելով, հանգեցրել են այն հետևանքներին, որոնք այսօր տեսնում ենք։ 

«Հանձնարարել եմ դեռևս փետրվարին, որ Երևանում անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն գոնե այս պահի խնդիրը լուծելու համար: Եղանակն է շատ խանգարում, որովհետև անձրևի պայմաններում ասֆալտ անել չի լինի։ Մենք Երևանով էլ, Գյումրիով էլ շատ լուրջ պիտի զբաղվենք»,- ասաց Փաշինյանը։ 

Նշենք, որ 2018 թվականին քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը առաջիններից էր, որն աջակցեց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխությանը։ Հեղափոխությունից հետո նա առաջինն էր, որը մտցրեց հասարակության «սև ու սպիտակ» բաժանումը։ Փաշինյանի և Մարությանի հարաբերությունները խզվեցին Արցախյան պատերազմից հետո, երբ քաղաքապետը հեռացավ իրեն աջակցող քաղաքական ուժից։ 2021 թվականի դեկտեմբերին Հայկ Մարությանը մայրաքաղաքի ավագանու գաղտնի քվեարկությամբ հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։