Կառավարության որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստանալու շեմը կիջեցվի 10%-ով

23.04.2026, 19:31
Ըստ գործող կարգի՝ տարկետում ստանալու համար ուսանողը պետք է բավարարի սահմանված երեք պահանջներից գոնե մեկին․
Կառավարության որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստանալու շեմը կիջեցվի 10%-ով

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունն ընդունել է որոշում, որով կդյուրինացվեն «Պատիվ ունեմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու պայմանները։

Որոշմամբ նախատեսվում է Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10%-ով:

Ըստ գործող կարգի՝ տարկետում ստանալու համար ուսանողը պետք է բավարարի սահմանված երեք պահանջներից գոնե մեկին․ նրա ՄՈԳ-ը պետք է լինի բուհի առավելագույն գնահատականի առնվազն 70%-ը, կամ ընդունելության քննություններից հավաքած լինի ընդհանուր միավորների գոնե 75%-ը։ Նույն 75%-ի շեմը գործում է նաև ընդհանուր զարգացվածության թեստի համար, եթե քաղաքացին արդեն բուհի ուսանող է։

Նշվում է, որ վերջին հինգ տարիներին «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքողների թիվը նվազել է, որը մեծապես պայմանավորված է դիմումատուների կողմից անհրաժեշտ միավորները չհավաքելու հանգամանքով, ընդ որում, մեծ թիվ են կազմում 60- 75% միջակայքով միավոր հավաքածները: