Չեմ պատկերացնում ՀՀ-ում մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյանը՝ «խորոված-փարթիի» մասին (ՎԻԴԵՈ)

23.04.2026, 17:26
Եթե խորովածի փոխարեն, օրինակ, «կռիվետկա փարթի» անեին, մարդիկ կհարցնեին, թե  ուր մնացին երկրի ինքնությունն ու ավանդույթները, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Չեմ պատկերացնում ՀՀ-ում մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյանը՝ «խորոված-փարթիի» մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քաղաքացու օրվա շրջանակում Ամիրյան փողոցում կազմակերպվող «խորոված-փարթի» միջոցառմանը։

«Ես չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ, մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Ընդհանրապես ընդունված է և երկար ժամանակ ընդունված է եղել ՀՀ-ում կարևոր իրադարձությունները նշել քաղաքացու և մարդու ինքնազգացողության և ավանդույթի և ընկալումները շրջանցող ինչ-որ միջոցներով», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաև փողոցում խորոված անել։

Անդրադառնալով միջոցառմանը իր մասնակցությանը՝ վարչապետը նշեց, որ ինքը մասնակցում է և ներկա է ամեն տեղ։

«Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում։ Վաղուց ժամանակն է, որ դուք իմ ներկայությանը սովորած լինեիք։ Ես ներկա եմ ամեն տեղ։ Ես գինու միջոցառմանն էլ եմ գնացել։ Ես տարբեր փառատոների եմ մասնակցում, համերգների եմ մասնակցում փակ և բաց դահլիճներում», - նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե խորովածի փոխարեն, օրինակ, «կռիվետկա փարթի» անեին, մարդիկ կհարցնեին, թե ուր մնացին երկրի ինքնությունն ու ավանդույթները։