Արման Թաթոյանը խոստացել է վարչապետ ընտրվելու դեպքում պետական բուհերում կրթությունը ՀՀ քաղաքացիների համար դարձնել անվճար

23.04.2026, 18:35
Մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ, ասել է Թաթոյանը
Արման Թաթոյանը խոստացել է վարչապետ ընտրվելու դեպքում պետական բուհերում կրթությունը ՀՀ քաղաքացիների համար դարձնել անվճար

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը։

«Արդարությունը գալիս է արժանապատիվ կյանք ու պայմաններ ապահովելու մեր ուսանողների համար. ոչ մի ծնող չպետք է մտահոգվի, որ գումար չունենալու պատճառով իր երեխան կարող է բարձրագույն կրթություն չստանալ, կամ կեցության ծախսերը հոգալ չկարողանալը դառնա դեռահասի ապագայի վրա ազդող գործոն։ Արդարությունը գալիս է, որ երիտասարդը կարողանա իր երկրում իր ապագան կառուցել»,- «Ռեֆորում 2026» ծրագրի շրջանակում «Ռեստարտ» հիմնադրամի կազմակերպած երիտասարդների հետ հանդիպմանը ասել է նա։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2026 թվականի հունիսի 7-ին։