Wildberries-ը և Ozon-ը հայտնել են Ռուսաստանում հայկական ապրանքների վաճառքի հետ կապված խնդիրների մասին

01.05.2026, 18:30
Wildberries և Ozon ընկերությունները մեկնաբանել են Ռուսաստան հայկական արտադրության ապրանքների վաճառքի և առաքման հետ կապված դժվարությունների իրավիճակը
Wildberries-ը և Ozon-ը հայտնել են Ռուսաստանում հայկական ապրանքների վաճառքի հետ կապված խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Wildberries և Ozon ընկերությունները մեկնաբանել են Ռուսաստան հայկական արտադրության ապրանքների վաճառքի և առաքման հետ կապված դժվարությունների իրավիճակը:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, թե Wildberries-ում և Ozon-ում հայ արտադրողների արտադրանքի վաճառքը դադարեցվել է:

«Wildberries-Արմենիա»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրավիճակը կապված է ՌԴ տարածքում մաքսային ձևակերպումների շրջանակում ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառման հետ: Ընկերությունում նշել են, որ մշտական երկխոսության մեջ են գործընկերների ու համապատասխան կառույցների հետ և ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը:

Այս աշխատանքների շրջանակում հանդիպում է կազմակերպվել հայ վաճառողների հետ, որին մասնակցել է ավելի քան 50 ձեռնարկատեր։ Wildberries-ի ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացած հարցերը, լսել հետադարձ առաջարկները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումներ։

Ընկերությունից նաև հիշեցրել են, որ ապրիլի 20-ից Ռուսաստանում փոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Wildberries-ում հավելել են, որ ակնկալում են իրավիճակի փուլային կարգավորում և կտեղեկացնեն էական փոփոխությունների մասին՝ դրանց առաջացմանը զուգահեռ։

Ozon-ից նույնպես հայտնել են մաքսային ձևակերպումների փոփոխությունների պատճառով Ռուսաստան ներմուծման ժամանակ Հայաստանից ապրանքների առաքման ժամանակավոր դժվարությունների մասին։

«Որպեսզի գնորդները երկար առաքման պատճառով չչեղարկեն պատվերները, մենք որոշ ժամանակով թաքցրել ենք այդ ապրանքների քարտերը ՌԴ-ում բնակվող գնորդների համար»,- հայտնել է Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն աշխատում է լոգիստիկ շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում է մոտ ժամանակներս վերադարձնել ժամանակավորապես անհասանելի տեսականին։

Միաժամանակ, երկու ընկերություններում էլ հավաստիացրել են, որ Ռուսաստանում Wildberries-ի և Ozon-ի պահեստներում գտնվող հայ գործարարների ապրանքները շարունակում են իրացվել առանց սահմանափակումների, իսկ Հայաստանի ներսում վաճառքները նույնպես շարունակվում են սովորական ռեժիմով։