Բացառիկ նվաճում․ 8-ամյա Մոնթեն և Սյունեն նվաճել են Արարատի գագաթը
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացել են Արարատի գագաթ՝ դառնալով աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, որոնք հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը, ընդամենը 8 տարեկանում, հայտնում է «4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը։
«Սա, առնվազն Հայաստանի համար, բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում», - նշված է հաղորդագրության մեջ։
Ակումբից հայտնում են, որ այս հաջողությունը երկար պատրաստության արդյունք էր։ Դրան նախորդել էին ամիսներ տևած մարզումներ՝ մշակված հատուկ վերելքների ծրագրով։ Երեխաները հերթականությամբ հաղթահարել էին Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի Հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։
«Իհարկե, Արարատի վերելքն առանց փորձությունների չէր։ Բարձրությունը, գիշերով քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, սակայն դրանք լիովին հաղթահարելի էին՝ ճիշտ կազմակերպման, ուղեկցողների և ծնողների վերահսկողության, աստիճանական ակլիմատիզացիայի և երեխաների բացառիկ կամքի շնորհիվ։ Վերելքի ընթացքում առողջության համար վտանգավոր իրավիճակներ չեն արձանագրվել (հակառակ դեպքում վայրկյանական հետ կիջնեին)», - նշում են ակումբից։

