Ի՞նչն է մեծացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, և ի՞նչը կարելի է վերահսկել. մասնագետները պարզաբանում են

06.10.2026, 14:40
Հայաստանում վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղի  ուշ փուլերում հայտնաբերման ցուցանիշը նվազել է
Ի՞նչն է մեծացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, և ի՞նչը կարելի է վերահսկել. մասնագետները պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում տարեկան հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 1600 և ավելի նոր դեպք, սակայն վերջին տարիներին հիվանդության ուշ փուլերում հայտնաբերման ցուցանիշը նվազել է։

Այս մասին հայտնել է Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը։

«Կարելի է նկատել, որ բացարձակ թվերն ավելանում են Հայաստանում, բայց դրա պատճառները տարբեր են․ նախ՝ մենք սկսել ենք շատ ավելի լավ հայտնաբերել քաղցկեղը, և դրան ավելի ինտենսիվ սպասարկում են բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացվում են պետության կողմից, ինչպես նաև լրատվամիջոցների ու բժիշկների դերը։Կարծես թե մի քիչ հասարակության գիտակցությունը նույնպես փոխվել է», - ասել է Ավետիսյանը «Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս» խորագրով ասուլիսի ժամանակ։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանն էլ նշել է, որ 2018 թվականին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 40%-ը հայտնաբերվում էր 4-րդ փուլում։

«Այսօր` 2025-26 թվականներին 4-րդ փուլի հիվանդացությունը իջել է 13%», - հայտնել է Գեոկչյանը։

Որո՞նք են ռիսկի գործոնները

Ավետիսյանի խոսքով` տարիքը մնում է ռիսկի կարևոր գործոններից մեկը և ավելի հաճախ այն հանդիպում է դաշտանադադարի ժամանակ։

«Որքան տարիքով է կինը, այնքան քաղցկեղով հիվանդանալու ռիսկը բարձրանում է», - նշել է նա։

Նրա խոսքով` կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների մի մասը հնարավոր է կառավարել։ Դրանց թվում են ճարպակալալումը և հորմոնալ խանգարումները։ Միաժամանակ կան անկառավարելի ռիսկեր, որոնք արդեն շտկվում են սքրինինգային ծրագրերով։

«Կանանց 75-80 տոկոսը, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղ, չունեն որևէ այլ ռիսկի գործոն, քան կին լինելը կամ տարիքը», - ասել է նա։

Վաղ հայտնաբերումը՝ բուժման կարևոր պայման

Ավետիսյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կարևոր հատվածը հիվանդության հայտնաբերումն է այն ժամանակ, երբ կինը դեռ որևէ գանգատ չունի։

«Կրծքագեղձի պայքարի ամբողջովին պայքարը սկսվում է այն կետից, երբ ամբողջ համակարգը հայտնաբերում է դա ասիմպտոմատիկ, այսինքն՝ երբ կինը որևէ գանգատ չունի ու որևէ նշան չունի ուռուցքի, այդ փուլում հայտնաբերում է, հետո ապահովում որակյալ բուժում»,- ասել է նա։

Ավետիսյանը նշել է, որ մամոգրաֆիան չի կանխում քաղցկեղի առաջացումը, սակայն թույլ է տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում։ Նրա խոսքով՝ եթե կինը նկատում է կրծքագեղձի որևէ փոփոխություն, անհրաժեշտ է դիմել բժշկի և պարզել դրա պատճառը։

Գեոկչյանն էլ հայտնել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված 45-68 տարեկան կանայք կարող են «Armed-ում գրանցվել և իրենց ընտրած հիվանդանոցում անցնել սքրինինգային մամոգրաֆիա՝ առանց ընտանեկան բժշկի այցելության։ Մարզերում ծրագրի հասանելիությունն ընդլայնելու համար նախարարությունը ձեռք է բերել և տեղադրել 10 սարք։

Բուժման հասանելիության փոփոխություններ

Գեոկչյանի խոսքով՝ վերջին տարիներին փոխվել են նաև կրծքագեղձի քաղցկեղի բուժման հնարավորությունները։

«Վիրահատությունները դարձել են ամբողջովին անվճար, ճառագայթային թերապիայի 24 սեանսն անվճար է, քիմիաթերապևտիկ և այլ թիրախային դեղորայքը, որն առաջներում համարվում էր անհասանելի, 2020 թվականից ի վեր պետությունը կատարում է ծրագիր, որտեղ 1500 կին արդեն ստացել է այդ դեղը»,- ասել է նա։

Գեոկչյանը նշել է, որ 2026 թվականից համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրում ներառվել են նաև մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք։

«Ցանկացած քաղցկեղով հիվանդ 1 մլն 200 հազար դրամ գումարին համարժեք դեղամիջոցներ կարող է ունենալ տարվա ընթացքում»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ եթե նախկինում PET/CT հետազոտության արժեքը կազմում էր 450-500 հազար դրամ, ապա այժմ համընդհանուր ապահովագրության շրջանակում այն իրականացվում է համավճարով, այսինքն` 50%-ը վճարում է պետությունը, 50%-ը՝ հիվանդը։ Նույնը վերաբերում է ռադիովիրաբուժությանը։

Բուժումը՝ ավելի թիրախային

Ավետիսյանի խոսքով՝ այսօր բուժումն իրականացվում է՝ հաշվի առնելով պացիենտի կոնկրետ ուռուցքի կենսաբանական հատկությունները։

«Կարևոր չէ շատ դեղեր օգտագործելը, շատ կարևոր է ավելի թիրախային դեղեր օգտագործելը»,- ասել է նա։