Քարե «երգեհոնից» մինչև հրաբխի խառնարանում թաքնված լիճ․ Հայաստանի 7 երկրաբանական հրաշալիքները (ՖՈՏՈ)

06.10.2026, 13:27
Մի քանի ժամում Հայաստանում կարելի է անցնել մի քանի միլիոն տարվա երկրաբանական պատմության միջով, ներկայացնոմ ենք Հայաստանի 7 երկրաբանական հրաշալիքները․ ՖՈՏՈ
Քարե «երգեհոնից» մինչև հրաբխի խառնարանում թաքնված լիճ․ Հայաստանի 7 երկրաբանական հրաշալիքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մի քանի ժամվա ճանապարհի ընթացքում Հայաստանում կարելի է անցնել մի քանի միլիոն տարվա երկրաբանական պատմության միջով․ տեսնել հրաբխի խառնարանում գոյացած լիճ, քարե սյուների հսկայական «երգեհոն», բնական կամուրջ, հնագույն ծովի հետքեր և լավային հոսքեր, որոնք այսօր արդեն լեռների ու կիրճերի մաս են դարձել։

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այս ամենը կարելի է գտնել համեմատաբար փոքր տարածքում։ Երկրի լանդշաֆտը ձևավորվել է հրաբխային ակտիվության, երկրակեղևի շարժումների, ջրի, սառույցի և միլիոնավոր տարիների ընթացքում ընթացած էրոզիայի համատեղ ազդեցությամբ։

Արդյունքում Հայաստանը կարելի է պատկերացնել որպես բաց երկնքի տակ գտնվող երկրաբանական թանգարան, որտեղ ցուցանմուշները ոչ թե ապակե ցուցափեղկերում են, այլ լեռներում, ժայռերում, կիրճերում ու քարանձավներում։

«Նովոստի–Արմենիա»-ն Երկրաբազմազանության միջազգային օրվա առիթով առանձնացրել է Հայաստանի յոթ վայր, որոնք հատկապես լավ են ներկայացնում տալիս երկրի երկրաբանական բազմազանությունը։

1. «Քարերի սիմֆոնիա»․ երբ լավան վերածվում է քարե «երգեհոնի»

Симфония камней в Гарни туризм.jpg

Գառնիի կիրճում բնությունը կարծես ստեղծել է հսկայական քարե երաժշտական գործիք։ Ազատ գետի կիրճում ձգվող բազալտե սյուները գրեթե կանոնավոր հնգանիստ և վեցանիստ ձև ունեն և միասին հիշեցնում են երգեհոնի խողովակներ։

Այսպիսի երկրաբանական պատկերն առաջանում է հրաբխային լավայի սառեցման ժամանակ։ Երբ հսկայական լավային զանգվածը աստիճանաբար սառչում և կծկվում է, դրա մեջ առաջանում են ճաքեր, որոնք որոշ պայմաններում ձևավորում են բազմակողմանի սյուներ։

симфония камней

Այսօր «Քարերի սիմֆոնիան» Հայաստանի ամենաճանաչելի երկրաբանական տեսարաններից է։ 2025 թվականին Գառնիի հնագիտական համալիրը և «Բազալտե երգեհոնը» միասին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

2. Արագած․ հսկա հրաբուխ՝ չորս գագաթով

Арагац

Հայաստանի ամենաբարձր լեռը միայն բարձրության ռեկորդակիր չէ։ Արագածը հնագույն հրաբխային զանգված է, որի կենտրոնական հատվածում ձևավորվել է խորը խառնարան, իսկ դրա շուրջ բարձրանում են չորս հիմնական գագաթները։

Սմիթսոնյան ինստիտուտի տվյալների համաձայն՝ Արագածի և հարակից տարածքների երկրաբանական պատմության մեջ կարևոր դեր են ունեցել բազմաթիվ հրաբխային կենտրոնները, խառնարաններն ու լավային հոսքերը։ Հետագայում լեռան տեսքը փոփոխել են նաև սառցադաշտային գործընթացները։

Այսինքն՝ Արագածի ներկայիս տեսքը մեկ իրադարձության արդյունք չէ․ այն հազարավոր և միլիոնավոր տարիների ընթացքում տարբեր ուժերի աշխատանքի արդյունք է։

3. Աժդահակ․ լիճ՝ հրաբխի խառնարանում

Аждаак

Գեղամա լեռների 3597 մ բարձրության վրա բնությունն առաջարկում է մի տեսարան, որը առաջին հայացքից դժվար է հավատալ․ հանգած հրաբխի խառնարանի ներսում փոքր լիճ է գոյացել։

Աժդահակը Գեղամա հրաբխային դաշտի բազմաթիվ հրաբխային կենտրոններից մեկն է։ Խառնարանի ձևը պահպանվել է, իսկ դրա հատակում ջուր է կուտակվել՝ ստեղծելով բարձրալեռնային յուրահատուկ լանդշաֆտ։

Аждаак гора

Գեղամա լեռների հրաբխային անցյալը, սակայն, միայն շատ հին պատմություն չէ։ Տարածաշրջանում հրաբխային ակտիվությունը շարունակվել է նաև երկրաբանական առումով համեմատաբար ոչ վաղ ժամանակներում․ վերջին հայտնի ժայթքումը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 1900 թվականին։

4. Սատանի կամուրջ․ ջուրը, որը «կառուցել» է կամուրջ

Чертов мост Сатани Камурдж Татев Сюник туризм.jpg

Սյունիքում՝ Որոտան գետի վրա, կա մի կամուրջ, որի ճարտարապետը մարդը չէ։

Սատանի կամուրջը բնական քարե կամար է, որը ձևավորվել է հանքային ջրերի բերած տրավերտինային նստվածքների կուտակման արդյունքում։ Ժամանակի ընթացքում բնությունը ստեղծել է մի կառույց, որը հեռվից իսկապես հիշեցնում է մարդու կառուցած կամուրջ։

Այստեղ կա նաև մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն․ կամրջի հատվածում Որոտանին միանում են հանքային աղբյուրներ։ Դրա հետևանքով գետը կամրջից դուրս գալիս ավելի ջրառատ է թվում, քան ներս մտնելիս։ Պաշտոնական նկարագրություններում հենց այս արտասովոր երևույթն է կապվում «Սատանի կամուրջ» անվան առաջացման հետ։

5. Արենի–Գնիշիկաձոր․ ժայռեր՝ հնագույն ծովի հիշողությամբ

0-321.jpg
Լուսանկարը՝ ArmGeo

Վայոց Ձորի կիրճերը ցույց են տալիս, թե որքան հեռու կարող է հասնել Հայաստանի երկրաբանական պատմությունը։

Տարածքի որոշ ապարներ ձևավորվել են հնագույն Թետիս օվկիանոսի ծովային միջավայրում։ Հետագայում երկրակեղևի շարժումները փոխել են ամբողջ տարածաշրջանի կառուցվածքը․ այն, ինչ երբևէ ծովի հատակ էր, ժամանակի ընթացքում բարձրացել է և դարձել ներկայիս լեռնային լանդշաֆտի մասը։

Այսօր Արենի–Գնիշիկաձորի ժայռերը կարելի է դիտել ոչ միայն որպես տպավորիչ բնական տեսարան, այլև որպես հնագույն ծովային աշխարհի քարացած հետք։

6. Շաքիի ջրվեժ․ ջուրը՝ հրաբխային ապարների վրա

Водопад Шаки, тест

Սիսիանի մոտ գտնվող Շաքիի ջրվեժը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են Հայաստանում տարբեր բնական գործընթացներ աշխատել միասին։

Ջուրը այստեղ մոտ 18–20 մետր բարձրությունից թափվում է խոր կիրճ՝ շրջապատված ժայռերով և քարայրներով։ Տարածքի երկրաբանական հիմքը հիմնականում ձևավորվել է համեմատաբար երիտասարդ բազալտային, անդեզիտային և դացիտային լավաների հոսքերից։

Шакинский водопад водопад шаки

Այսինքն՝ ջրվեժի տեսարանը միայն ջրի աշխատանքը չէ․ դրա հիմքում Հայաստանի հրաբխային անցյալն է։

Իսկ կիրճի քարայրներն արդեն պատմում են մեկ այլ՝ մարդկային պատմություն։ Այստեղ հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, այդ թվում՝ պալեոլիթյան ժամանակաշրջանին վերագրվող մոխիր։

7. Հրազդանի կիրճ․ հրաբխային պատմությունը՝ Երևանի սրտում

Разданское ущелье

Երկրաբանական հրաշքներ տեսնելու համար պարտադիր չէ հեռանալ Երևանից։

Разданское ущелье

Մայրաքաղաքի միջով անցնող Հրազդանի կիրճը բացում է տարածաշրջանի հրաբխային անցյալի մի հատվածը։ Այստեղ պահպանվել են լավայի սառեցման արդյունքում առաջացած սյունաձև բազալտներ, իսկ երկու առանձին երկրաբանական գոյացություններ ընդգրկված են Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում։

Այսպիսով, Գառնիի հայտնի «Քարերի սիմֆոնիայի» նման երկրաբանական երևույթների հետքեր կարելի է տեսնել նաև Երևանի սահմաններում։