Հայաստանը և տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյանը` TRIPP-ի դերի մասին

06.10.2026, 13:51
TRIPP նախագծի իրագործումը կարող է էապես փոխել Հայաստանի և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային միջավայրը, հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը
Հայաստանը և տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյանը` TRIPP-ի դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ TRIPP նախագծի իրագործումը կարող է էապես փոխել Հայաստանի և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային միջավայրը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին։

«Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը անկյունաքար է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու համար:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի շուրջ արդեն իսկ զգալի է ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և TRIPP-ի իրականացումը բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է։

Թուրքիայի հետ սահմանը և երկաթուղային հաղորդակցությունը

Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում հայկական կողմն ակնկալում է Թուրքիայի հետ սահմանի բացում՝ TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ։

«Առաջիկայում, TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում», - ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ TRIPP-ի իրագործումը պետք է ապահովի նաև երկաթուղային կապ Պարսից ծոցի և Սև ծովի միջև։

Գազամուղներ, նավթամուղներ և էլեկտրահաղորդման գծեր

Փաշինյանը հայտնել է, որ ներկայումս դիտարկվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման շրջանակում գազամուղների և նավթամուղների կառուցման հնարավորությունը։

«Նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում», - ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի տնտեսական հարաբերությունների համար։

«Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենում իրար և ճիշտ պահն է քննարկելու, թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել», - հայտարարել է Փաշինյանը։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին: