«Տեղի ունեցածը հանցագործություն է». Ռուբինյանը` ՀՀ-ում ադրբեջանցի զինծառայողի գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)

06.10.2026, 11:30
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպն անվանել է հանցագործություն. ՎԻԴԵՈ
«Տեղի ունեցածը հանցագործություն է». Ռուբինյանը` ՀՀ-ում ադրբեջանցի զինծառայողի գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպն անվանել է հանցագործություն։

«Ձեր քաղաքական ուժը, ուղղակի չգիտեմ, թե ինչ ռեկորդներ է սահմանում գոյություն չունեցող բաների դեմ պայքարելու։ Ի՞նչ քաղաքական գնահատական եք ակնկալում, որը, ըստ Ձեզ, եմ չպիտի տայի, դուք էլ հարցը տալիս եք, որի ինձ «նեղը քցեք»։ Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է», - հայտարարել է Ռուբինյանը ԱԺ նիստի ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։

Նրա խոսքով՝ եթե մարդը մտնում է որևէ մեկի տուն և կրակում, ապա դա հանցագործություն է։

«Նկատե՞լ եք, որ մեղադրանք է առաջադրված, որ ձերբակալված է, նկատե՞լ եք դա։ Ինչի՞ մասին է խոսքը; Այսինքն, ըստ Ձեզ, մենք պետք է այլ գնահատական տայի՞նք սրանք։ Եթե ուզում ենք գնահատել դեպքը, ապա տեղի է ունեցել ապօրինի սահմանահատում։ Այդ ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկացրել է հայկական կողմին, ինչը լավ է, և հետո տեղի է ունեցել մնացածը` հանցագործություն։ Այո, սա վատ իրադարձություն է, բայց այստեղ մի հատ լավ լուր կա․ սուբյեկտը, որի մասին խոսում ենք, ադրբեջանցի զինվորն է, որը , ըստ երևույթին, Ադրբեջանի օրենքն էլ է խախտել բացի Հայաստանի օրենքը խախտելուց։ Այսինքն՝ ապօրինի լքել է իր ծառայության վայրը և եկել այստեղ։ Այսինքն՝ սուբյեկտը մասնավոր զինվորն է, որը հանցագործ է», - նշել է Ռուբինյանը։

Նա ընդգծել է, որ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ տեղի է ունեցել հանցագործություն ադրբեջանցի զինծառայողի կողմից հայկական սահմանի ապօրինի հատմամբ, ինչը վատ է ընկալվում խաղաղության համատեքստում՝ հավելելով, որ եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը հայկական կողմին չէր տեղեկացնի կատարվածի մասին։