Հայ աշակերտները 3 մեդալ են նվաճել Hippo անգլերենի միջազգային օլիմպիադայում

05.10.2026, 21:07
Հայ աշակերտները Hippo «Անգլերեն՝ առանց սահմանների» անգլերենի 14-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ
Հայ աշակերտները 3 մեդալ են նվաճել Hippo անգլերենի միջազգային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչները Hippo «Անգլերեն՝ առանց սահմանների» անգլերենի 14-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։

Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Սպոլետո քաղաքում անցկացված միջազգային փուլին մասնակցելու իրավունք Հայաստանից ստացել էր 4 դպրոցական, որոնցից օլիմպիադային մասնակցել է երեքը՝ Միլենա Մանուկյանը (7-րդ դասարան, Ա. Շահինյանի անվան հատուկ ֆիզմաթ դպրոց), Եվա Ֆարշյանը (10-րդ դասարան, «Այբ» դպրոց) և Մարի Եդիգարյանը (12-րդ դասարան, «Եվրասիա» ավագ դպրոց)։

Այս փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Եվա Ֆարշյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է 421 դպրոցական 70 երկրից։

Hippo «Անգլերեն՝ առանց սահմանների» օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար դպրոցականները պետք է անցնեն մի քանի փուլ։

Նախ բոլոր ցանկացողները մասնակցում են նախնական փուլին իրենց դպրոցում կամ առցանց ձևաչափով։

Նախնական փուլում տվյալ երկրում առավելագույն միավորները (մասնակիցների 20%-ից ոչ ավելին) ստացած աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու ազգային փուլին, որն անցկացվում է առանձին քաղաքներում կամ առցանց ձևաչափով։ Ազգային փուլում 50%-ից ավելի միավորներ ստանալու դեպքում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու փլեյ-օֆֆի ընտրական փուլերին, որոնց արդյունքում ձևավորվում է միջազգային փուլի մասնակիցների կազմը։

Միջազգային փուլի մասնակիցները, ինչպես նաև նրանք, ովքեր հնարավորություն չեն ստացել դուրս գալու միջազգային փուլ, սակայն ազգային փուլում հավաքել են 70% և ավելի միավոր, հնարավորություն են ստանում մասնակցելու մայրցամաքային փուլին։

Հինգ տարիքային կատեգորիաներով մայրցամաքային փուլն այս տարի անցկացվել է մայիսի 18-ից 21-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Դրան մասնակցել է ավելի քան 1 200 աշակերտ 45 երկրից։ Հայաստանը ներկայացրել են 38 աշակերտներ 16 ուսումնական հաստատություններից։ Նրանք նվաճել են մեկ ոսկե մեդալ՝ Մարի Եդիգարյանը («Եվրասիա» ավագ դպրոց, 11-րդ դասարան), և մեկ բրոնզե՝ Լիլի Դագլարյանը (Երևանի հ. 130 հիմնական դպրոց, 4-րդ դասարան)։