«Հայկական խոհանոցի տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել»․ Սեդրակ Մամուլյանը՝ Հայաստանի դիրքի մասին աշխարհի լավագույն խոհանոցների 2026թ․–ի վարկանիշում (ԲԱՑԱՌԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ավանդական խոհանոցի Tasteatlas Awards առցանց ուղեցույցի վարկածով աշխարհի լավագույն խոհանոցների 2026 թվականի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը:
Հայաստանին նվիրված բաժնում, խորովածի և լավաշի հետ մեկտեղ, նշված են նաև մանթին, լահմաջոն և զաաթարը։ Աշխարհի լավագույն խոհանոցների թոփ 10-ում ընդգրկվել են Իտալիան, Հունաստանը, Պերուն, Պորտուգալիան, Իսպանիան, Ճապոնիան, Թուրքիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ինդոնեզիան։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը կասկածանքով է վերաբերվել հարցմանը, որի արդյունքներով կազմվել է այս վարկանիշը։
«Մի բանում վստահ եմ. Չափազանց կասկածելի է, թե հատկապես որ շրջանակներում է անցկացվել այս հարցումը։ Ընդ որում, ակնհայտ է, որ այն շրջանակները, որոնցում անցկացվել է հարցումը, այնուամենայնիվ, կապված են եղել մեր սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Հակառակ դեպքում կերակրատեսակների շարքում առաջիններից չէին լինի լահմաջոն, զաաթարը և նմանատիպ այլ ուտեստներ՝ հատկապես հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և Լիբանանի մասնակցությունը»,- ասաց Մամուլյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այդ կերակրատեսակները որոշակի չափով կարելի է համարել հայկական կամ, ավելի շուտ, հայ-արաբական, քանի որ դրանք հատկապես տարածված են հայկական սփյուռքի կոմպակտ բնակության վայրերում, ինչպես և թաբուլեն։
Մամուլյանը համոզված է, որ նմանատիպ հարցումները որոշակի չափով քաղաքական ենթատեքստ ունեն, ինչպես նաև նշում է, որ ամեն օր շփվելով զբոսաշրջիկների հետ՝ հայկական խոհանոցի մասին մի փոքր այլ պատկերացում ունի։
«Զարգացման տեմպերով հայկական խոհանոցն առաջատարն է մեր տարածաշրջանում։ Դա վերաբերում է թե՛ հանրային սննդի ոլորտի զարգացման մակարդակին, թե՛ սպասարկման որակին։ Ես խոսում եմ այս մասին՝ հիմնվելով բացառապես զբոսաշրջիկների արձագանքների վրա», – ընդգծեց նա։
Մամուլյանը նաև նշեց այն խնդիրը, որ Հայաստանում չկան պետական մակարդակով գրանցված կերակրատեսակներ։ Նա պարզաբանեց, որ իր կազմակերպությունը նախաձեռնել է համապատասխան գործընթացը, և այժմ բանակցություններ են ընթանում ԿԳՄՍՆ–ի հետ։
«Մենք արդեն սկսել ենք այդ աշխատանքը և գործընթաց ենք սկսել ազգային խոհանոցի ուտեստների գրանցման ուղղությամբ։ Նախատեսվում է համապատասխան ցուցակում ներառել 60-70 առավել հայտնի կերակրատեսակներ։ Դրանց բոլորի հիմքում մեր տեղական, էնդեմիկ մթերքներն են, քանի որ համոզված ենք, որ ազգային խոհանոցը կարող է և պետք է դառնա գյուղատնտեսության զարգացման լոկոմոտիվը»,- ընդգծեց Մամուլյանը։
Նա վստահ է, որ հայկական ազգային խոհանոցի տեղը համաշխարհային խոհարարության մեջ եզակի է, և այն ոչ ոք չի կարող զբաղեցնել։

