Ձերբակալվել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան

13.08.2026, 10:49
Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, Մարտուն Գրիգորյանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն», -գրել է փաստաբանը Facebook-յան իր էջում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:


Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը նախորդ գումարման խորհրդարանում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության անդամ էր։ 2025 թվականին նա մասնակցել է Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Ընտրություններից հետո նրա գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը ապահովել է անհրաժեշտ ձայներ՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար։

2026 թվականին Գրիգորյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մասնակցելու մասին։

Կարդացեք նաև․ Ինչու են փոխվում Հայաստանում 3 նախարարությունների անունները