Մայր Աթոռը դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչությանը՝ Արցախում հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։
«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն»,-նշված է հայտարարության մեջ։
Հայ Առաքելական Եկեղեցին բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքն ուղղված Հայոց Եկեղեցուն, թե այն իբր խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
«Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ»,-ասված է հայտարարության տեքստում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։
Ապրիլի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խուսափել էսկալացիայից և գործել պայմանավորվածությունների համաձայն Արցախում հուշարձանների ոչնչացման հարցում՝ չնշելով, թե ում հետ են դրանք ձեռք բերվել։
Ավելի վաղ վարչապետը նաև հայտարարել էր, որ օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի քանդման թեման զգուշավոր մոտեցում է պահանջում։ Նա կարծում է, որ դա կդառնա միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։
Ադրբեջանցի վանդալները շարունակում են համակարգված կերպով ոչնչացնել եկեղեցիները, հայկական խաչքարերը, պատմամշակութային այլ հուշարձաններ Արցախի տարածքում՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ժառանգությունը, ինչն իրականացվում է միջազգային հանրության լռության և լիակատար անգործության պայմաններում։

