Wildberries-ի շուրջ ստեղծված խնդրի հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան

01.05.2026, 19:13
Նա խոստացել է լուծել այդ խնդիրը
Wildberries-ի շուրջ ստեղծված խնդրի հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Wildberries-ի հետ կապված վերջին իրադարձությունների հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։ Այդ մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ապացույցներ չի ներկայացրել և չի հստակեցրել, թե որ ուժերի մասին է խոսքը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, թե Wildberries-ում և Ozon-ում հայ արտադրողների արտադրանքի վաճառքը դադարեցվել է։

«Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)»,-գրել է Պապոյանը։

Նա խոստացել է լուծել այդ խնդիրը։

«Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն»,-եզրափակել է նախարարը։

 

Ավելի վաղ , Wildberries ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ։

Ըստ ընկերության հայտարարության, ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Նշվել էր, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Ozon-ից նույնպես հայտնել են մաքսային ձևակերպումների փոփոխությունների պատճառով Ռուսաստան ներմուծման ժամանակ Հայաստանից ապրանքների առաքման ժամանակավոր դժվարությունների մասին։