Անհատական պատասխանատվություն պետք է լինի. Փաշինյանը` զինծառայողի մահվան մասին
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին և հայտարարել, որ պետք է անհատական պատասխանատվություն։
«Առավոտյան իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ: Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ:
Նա հայտնեց, որ որոշումն արդեն կայացրել է, և փոփոխություններ կլինեն Ռազմական ոստիկանությունում և բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
«Նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք», - նշեց վարչապետը:
Փաշինյանն ընդծեց, որ իր գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում ԳՇ պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՔԿ–ից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ սա մեկ ամսվա ընթացքում գրանցված զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Նախորդ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 21-ին, երբ մահացել էր զինծառայող Նարեկ Թորոսյանը։ Այդ գործի շրջանակում երկու զինծառայող կալանավորվել էր՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

