Կարող է 3-րդ նախաձեռնություն էլ լինի՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ. Փաշինյանը՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության մասին

13.08.2026, 16:01
Հայաստանին հավասարաչափ և հավասարապես պետք են և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն այնքան ժամանակ, մինչև երկիրը կկատարի այլընտրանք ձևավորելու իր հանձնառությունը, ասել է Փաշինյանը
Կարող է 3-րդ նախաձեռնություն էլ լինի՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ. Փաշինյանը՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանին հավասարաչափ և հավասարապես պետք են և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն այնքան ժամանակ, մինչև երկիրը կկատարի այլընտրանք ձևավորելու իր հանձնառությունը, և ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմիջայլոց, ուրիշ ընտրություն էլ կա։ Մենք 2-ը նշում ենք, կա 3-րդ ընտրություն։ Կարող է 3-րդ նախաձեռնություն էլ լինի՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետը նշեց, որ նախկինում Հայաստանի ժողովուրդը չի ունեցել ընտրության իրական իրավունք, քանի որ նրան անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ:

«Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի ԵԱՏՄ-ն՝ ուրեմն կլինենք ԵԱՏՄ-ում, կընտրի ԵՄ-ն՝ ուրեմն կգնանք այդ ճանապարհով: Բայց պետք է այս ընտրությունը հասունացած լինի», - ընդգծեց Փաշինյանը։

Հայաստան - ԵԱՏՄ - ԵՄ

2025 թ.-ի գարնանը Հայաստանում ընդունվել է ՀՀ-ի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Ընդ որում, օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացում:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են Եվրամիության հետ մերձեցման կուրսը շարունակելու և միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին՝ քանի դեռ այս երկու ուղղությունների համատեղումը հնարավոր է մնում:

2026 թ.-ի մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է լիարժեքորեն օգտագործել միավորման ներուժը սեփական տնտեսական շահերի պաշտպանության համար:

Կարդացեք նաև. Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որին մենք համաձայն չենք. Փաշինյանը` ԵԱՏՄ-ի մասին