ID-քարտերը Հայաստանում կդառնան պարտադիր 16 տարին լրացած քաղաքացիների համար.նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտերը (ID-քարտ) կդառնան պարտադիր։
Գործադիրը հաստատել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում փոփոխությունները, հարակից օրենքների փաթեթը, ինչպես նաև դրանք անհետաձգելի համարելու մասին որոշումը:
Ինչպես հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, սա թույլ կտա ձևավորել միասնական օրենսդրական հիմք՝ նոր կենսաչափական համակարգի ներդրման համար: Նրա խոսքով՝ նախատեսվում է ոլորտը կարգավորող բոլոր նորմերը միավորել մեկ օրենքում:
«Միասնական օրենքում կհավաքվեն բոլոր իրավական նորմերը, որոնք թույլ կտան լիազոր մարմնին համապարփակ կերպով կարգավորել բոլոր հարցերը», - ասել է նախարարը:
Սարգսյանը տեղեկացրել է, որ նույնականացման քարտի առկայությունը պարտադիր կդառնա 16 տարին լրացած անձանց համար, և միայն դրա առկայության դեպքում հնարավոր կլինի ստանալ կենսաչափական անձնագիր:
«6-ից 16 տարեկանների համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- ասել է նախարարը։
Նախարարը նաև նշել է, որ ճամփորդելու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը կհամապատասխանեցվեն ICAO 9303 ստանդարտին: Ըստ նրա՝ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս դառնում են կենսաչափական։
«Նախատեսվում է նաև օրենսդրական մակարդակով կարգավորել պետության և մասնավոր գործընկերոջ միջև հարաբերությունները կենսաչափական համակարգի ներդրման շրջանակում», - նշել է Սարգսյանը:
Կենսաչափական համակարգի ներդրման մասին
2024 թվականի օգոստոսին կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի քաղաքացիներին նոր ձևաչափի նույնականացման քարտեր (ID-քարտեր) և կենսաչափական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ:
Մրցույթը հաղթած ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքները։
2025 թ.-ի ապրիլին Հայաստանը պայմանագիր է կնքել այս կոնսորցիումի կողմից ստեղծված HAYPASS ընկերության հետ, որը անմիջականորեն պատասխանատու կլինի Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման համար։
Հաստատվել է կենսաչափական նույնականացման քարտերի դիզայնը, ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, պաշտպանիչ տարրերը և տվյալների դաշտերը: Ըստ ժամանակացույցի՝ դրանց թողարկումը կմեկնարկի 2026 թվականի 2-րդ կեսում:
Կենսաչափական համակարգի ներդրումը, մասնավորապես, նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը, այն բարեփոխումների առաջին կետն է, որոնք Հայաստանը նախատեսում է իրականացնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման համար:

