Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած 55-ամյա անձին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին։
ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ, ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։
Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։
ՆԳՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։
Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։
Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։
Նախօրեին հայտնել էինք, որ Երևանի ավտոբուսներից մեկում ուղևորը դանակահարել է վարորդին։
Ապրիլի 21-ին «Նովոստի–Արմենիա»–ի հարցմանն ի պատասխան ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։
«Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշել էր Սարգսյանը։
Shamshyan.com–ն էլ հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում, թիվ 8 ավտոբուսում։

