Ի՞նչ էին ուտում «Սասնա ծռերի» հերոսները․ զարմանալի մանրամասներ էպոսից
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 23-ին ամբողջ աշխարհում նշվում է Գրքի համաշխարհային օրը, և դա պատահական չէ։ Հենց այս օրը՝ 1616 թվականին, կյանքից հեռացել են մեծագույն գրողներ Վիլյամ Շեքսպիրն ու Միգել դե Սերվանտեսը։ Սակայն օրը միայն հարգանքի տուրք չէ համաշխարհային գրականության հսկաներին. այն հիշեցնում է գրքի բացառիկ դերի մասին՝ պատմության, ավանդույթների և յուրաքանչյուր ժողովրդի ինքնության պահպանման գործում։
Հայկական միջնադարյան «Սասնա ծռեր» էպոսը, որն առավել հայտնի է նաև «Սասունցի Դավիթ» անունով, սովորաբար ընկալվում է որպես քաջության, պայքարի և գերբնական ուժի մասին պատմություն։ Սակայն այն նաև յուրատեսակ պատուհան է դեպի հայ ժողովրդի առօրյա կյանքի, պատմության, նախասիրությունների և ճաշակի աշխարհ։ Էպոսի հերոսների սեղանին հայտնվող ուտեստներն ու խմիչքները պատահական մանրամասներ չեն, այլ մշակութային խորհրդանիշեր, որոնք պատմում են ուժի, հավատի և ազգային ինքնության մասին։
Ի՞նչ էին ուտում ու խմում էպոսի հերոսները, և ինչպե՞ս է սնունդը ձևավորում մշակութային ինքնությունը. այս հարցերի շուրջ «Նովոստի Արմենիա»–ն զրուցել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանի հետ, որը «Հացն ու գինին» գրքում ամփոփել է էպոսի սննդային կոդը։ Նրա խոսքով՝ գրքի վերնագիրն ուղղակիորեն կապված է էպոսի հերոսների աղոթքի խոսքերի հետ՝ «Հացն ու գինի, Տեր կենդանին...»։

Կաթնաղբյուր․ ուժ պարգևող ջուր
Էպոսում Կաթնաղբյուրի ջուրը պարզապես աղբյուրի ջուր չէ։ Դա սրբազան ակունք է՝ կապված Սասնա տան զորության հետ։
«Հերոսները Կաթնաղբյուրի ջուրը խմելով ուժ էին ստանում։ Կռվից առաջ նրանք անպայման այդ ջուրը խմում էին», - նշում է Համբարձումյանը։
Դա պարտադիր ծես էր թշնամու դեմ մարտից առաջ։ Հերոսների ուժը կապված էր ոչ թե կախարդական զենքի, այլ բնության տարերքի հետ։ Ջուրը դառնում է կյանքի, մաքրության և կենսական էներգիայի խորհրդանիշ։
Հարիսա․ ոչ միայն կերակուր, այլև ծես
Եթե Կաթնաղբյուրը ուժ էր տալիս, ապա հարիսան ուժ էր տալիս և՛ մարմնին, և՛ հոգուն։ «Սասնա ծռեր»-ում հարիսան ամենահաճախ հիշատակվող ուտեստներից մեկն է։
Այն պատրաստվում է ցորենից, իսկ ցորենը հայկական ավանդույթում կապված է վերածննդի, կյանքի շարունակության և հարության գաղափարի հետ։
Համբարձումյանը պատմել է հարիսայի հետ կապված հետաքրքիր մի դրվագ։ Դավիթն իր երինջներին արածացնում է սարում և իմանում է, որ գյուղում հարիսա են պատրաստել։ Գնում է իր և ընկերների համար հարիսա է բերում, և այդ ընթացքում դևերը գալիս են և գողանում են Դավթի և մյուս հովիվների նախիրը։ Դավիթը գնում է դևերին սպանում է, նրանց քարայրում գանձ է գտնում։ Սպանված կովերի կաշին էլ տալիս է մարդկանց։
Ըստ Համբարձումյանի ուսումնասիրության, հարիսայի ծեսն էլ, գուցե, կապված է վիշապի պաշտամունքի և այլ ծիսական երևույթների հետ։
Հետաքրքիր է, որ հարիսայի ծագման մասին կա նաև վաղ քրիստոնեական վկայություն։
Համբարձումյանի խոսքով, 66 օր Գրիգոր Լուսավորիչը ներկայացրել է քրիստոնեական վարդապետությունը։ Եվ ըստ ավանդույթի, նրանից հետո մարդիկ հարիսա են կերել։
«Շաղգամակեր» հերոսներ․ սնունդն ու ինքնությունը
Կա ընկալում, որ էպոսի հերոսներին ժողովուրդը «շաղգամակեր» է կոչում, այսինքն՝ շաղգամ ուտողներ։
«Շաղգամը ճակնդեղի կամ բազուկի մի տեսակ է։ Քանի որ սասունցիները շատ են կերել շաղգամ, մի քիչ ծաղրական են ասել՝ «շաղգամակեր»։ Դա նրանց սննդային ինքնությունն է», — բացատրում է Համբարձումյանը։
Սննդի միջոցով ինքնության թեման հատկապես վառ է դրսևորվում մանուկ Դավթի մասին դրվագում. Մսըրում գտնվելիս նա հրաժարվում է տեղական կաթ խմելուց, և Սասունից նրա համար հատուկ բերում են կարագ ու մեղր։
Ինչո՞ւ է սա կարևոր այսօր
Մատենադարանի գիտաշխատողի խոսքով՝ ազգային ինքնության պահպանման կարևորագույն բաղադրիչներից մեկը հենց ազգային սնունդն է՝ որպես տվյալ ժողովրդի ավանդույթների ամբողջություն։
«Եթե մենք առավոտից գիշեր պիցցա ուտենք, իտալացիների նման գուցե դառնանք», -նշում է հեղինակն՝ ընդգծելով, որ իզուր չէ, որ հայերը փորձում են ուտել հայկական ուտեստներ։
Միջնադարյան էպոսի այս դրվագները պարզապես խոհարարական մանրամասներ կամ պատահական հավելումներ չեն։ Դրանք արտացոլում են ժողովրդի կենցաղը, արժեքներն ու աշխարհայացքը։ Եվ այս ամենը պահպանվել ու հասել է մեզ հին գրքերի, ձեռագրերի շնորհիվ, որոնք պահվում են Մատենադարանում։ Գրահրատարակչության գործում մեծ դեր ունի նաև Մատենադարանին կից հրատարակչական բաժինը, որը 2019 թվականից ի վեր լույս է ընծայել շուրջ 80 գիրք՝ հայագիտության գրեթե բոլոր ուղղություններով՝ ձեռագրագիտությունից մինչև միջնադարյան տիեզերագիտություն։

