ՄԻՊ-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին և Բաքու այցելելու հնարավորությանը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձին և դրանում հնչեցված մի շարք դիտարկումներին։
Մանասյանը հայտնել է, որ տարակուսած է Վարդանյանի ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը», - գրել է Մանասյանը Facebook-յան իր էջում։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատել է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ ընդգծելով, որ սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից։
Մանասյանն իր պարզաբանման մեջ նաև հիշեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։

