Վեդիում ոստիկանության, ՔԿ-ի մի քանի պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:
Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
ԶԼՄ-երը հայտնում են, որ ազատումները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի ոչ պատշաճ քննության հետ:
Ըստ ԶԼՄ-երի հաղորդագրությունների, պաշտոններից ազատվել էին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը:
Նշենք, որ ըստ գործի նյութերի, 2026 թ.-ի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:
Ըստ Քննչական կոմիտեի՝ առաջին դեպքը վերաբերում է 2026 թվականի փետրվարին ներկայացված հաղորդմանը, համաձայն որի՝ Վ.Ե.-ն օգտվելով անչափահաս աղջկա անօգնական վիճակից՝ կատարել է անառակաբարո գործողություններ։
Երկրորդ վարույթը վերաբերում է մեկ այլ անչափահաս քրոջ հաղորդմանը, ըստ որի՝ անհայտ անձը իրեն մեքենայով տարել է քաղաքի եկեղեցու հարակից տարածք և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։

