Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի 19-ամյա մասնակիցը կմնա տնային կալանքի տակ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի 19-ամյա մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք որ ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։
Նախօրեին ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։

