Բաքվի բանտից Իշխանյանը խնդրել է Հայաստանի ՄԻՊ-ին օգնել մեղադրանքն ու դատավճիռը փոխանցել ընտանիքին

07.05.2026, 10:02
Բաքվում գտնվող Դավիթ Իշխանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցել մեղադրական ակտի և դատավճռի ամբողջական տեքստերն իր ընտանիքին փոխանցելու հարցում
Բաքվի բանտից Իշխանյանը խնդրել է Հայաստանի ՄԻՊ-ին օգնել մեղադրանքն ու դատավճիռը փոխանցել ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բաքվում գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել մեղադրական ակտերի և դատավճռի ամբողջական տեքստերն իր ընտանիքին փոխանցելու հարցում։

Ձայնային ուղերձում Իշխանյանը դիմել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ առաջարկելով Ադրբեջանի համապատասխան կառույցների միջոցով կամ ադրբեջանցի գործընկերոջ միջնորդությամբ ստանալ մեղադրական ակտերի և դատավճիռների ամբողջական տեքստերը հայերեն և ադրբեջաներեն լեզուներով և փոխանցել դրանք իր ընտանիքին ու հարազատներին։

Իշխանյանի խոսքով՝ նախօրեին իրենց (դատապարտված արցախցիներին - խմբ.) այցելել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան, որին նա փոխանցել է նախապես պատրաստված գրավոր դիմումը։

«Ես փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին»,-ասել է նա։

Իշխանյանը հայտնել է, որ Ալիևան խոստացել է փոխանցել փաստաթղթի ադրբեջանական տարբերակը և փորձել հանդես գալ որպես միջնորդ։

Նա նաև պնդում է, որ դատապրոցեսի ընթացքում իրեն թույլ չեն տվել ամբողջությամբ ասել իր վերջին խոսքը։ Նրա խոսքով՝ ելույթի առնվազն 30-40%-ը նա այդպես էլ չի կարողացել հնչեցնել։

«Այս դատը հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ է՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ»,- հայտարարել է Իշխանյանը։

Ավելի վաղ Բաքվում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջարկել էր այնտեղ ուղարկել Հայաստանի ՄԻՊ պատվիրակությունը՝ հայ գերիների հարազատների հետ միասին։ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն ի պատասխան հայտարարել էր, որ չի կարող մոնիթորինգային այցեր իրականացնել երկրի սահմաններից դուրս գտնվող ազատազրկման վայրեր։

Բաքվի հայ գերիների մասին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

Նշենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։