Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է

07.05.2026, 12:52
Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վեդիում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։

«Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ)», – «Նովոստի–Արմենիա»–ի հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Գլխավոր դատախազությունում նշել են գործով անցնող տղամարդկանց անունների սկզբնատառերը՝ Ա․Ե․ և Դ․Ա․–ն։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանք ձերբակալվել են։

Ըստ գործի նյութերի, 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:

Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, հայտնում է «Առաջին լրատվականը»։

Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն՝ նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

ՔԿ-ից հայտնել են՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք:

Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝

-անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն,

-հարցաքննվել են անչափահասների մատնանշած անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները,

-համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորել է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց։