Մակրոնի «Բոհեմից» մինչև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացում. ԵՄ գագաթնաժողովների կարևորագույն պահերը Երևանում

06.05.2026, 21:10
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Երևանում կայացած եվրոպական գագաթնաժողովների հետ կապված կարևոր հայտարարություններն ու իրադարձությունները
Մակրոնի «Բոհեմից» մինչև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացում.  ԵՄ գագաթնաժողովների կարևորագույն պահերը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մայիսի 4-5-ը տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այս հանդիպումների հետ կապված կարևորագույն հայտարարություններն ու իրադարձությունները։

Երևանն առաջին անգամ հյուրընկալեց ԵՔՀ գագաթնաժողովը

Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել էին ԵՄ երկրների, եվրոպական այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 առաջնորդներ։ Հանդիպման հիմնական թեման էր՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։

Ակցիաներ գագաթնաժողովի ֆոնին

Գագաթնաժողովի օրերին Երևանում տեղի ունեցան ակցիաներ՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու և արցախցիների իրավունքները վերականգնելու պահանջով։ Մյուս ակցիաների ընթացքում բարձրացվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների թեման։

Կոշտան Երևանում գագաթնաժողովի անցկացումը «պատմական» որակեց

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, որ Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանը դնում է «Եվրոպայի սրտում, որին նա պատկանում է»։ Նա նաև երևանյան հանդիպումն անվանեց «Կովկասում խաղաղության գագաթնաժողով»՝ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ֆոնին։

Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չժամանեց Երևան, սակայն գագաթնաժողովին մասնակցեց տեսակապի միջոցով։ Փոխարենը Երևան ժամանեց Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նա դարձավ վերջին տարիներին Հայաստան այցելած թուրք ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը

ԵՔՀ գագաթնաժողովի հաջորդ օրը Երևանում տեղի ունեցավ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Դրա օրակարգը ներառում էր տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, թվային տեխնոլոգիաները, անվտանգությունը և մարդկային շփումները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը Հայաստանին և մտադիր է խորացնել գործընկերությունը նրա հետ տնտեսության, տրանսպորտի, անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։

Վիզաների ազատականացում

Հայաստանը ստացավ ԵՄ առաջին զեկույցը՝ Վիզաների ազատականացման գործողությունների պլանի կատարման վերաբերյալ։ Եվրամիությունում ողջունել են Հայաստանի առաջընթացն այս ուղղությամբ։

Ոչ պաշտոնական դրվագներ

Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարեց հայերենով։ Մեծ արձագանքի արժանացավ նաև այն տեսանյութը, որում Մակրոնը կատարում է Շառլ Ազնավուրի «Բոհեմ» երգը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ։