Ադրբեջանի նախագահը տեսակապով կմիանա Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է մայիսի 4-ին Երևանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի կայքում հրապարակվել է մասնակիցների ցանկը, որոնց թվում է նաև Ադրբեջանի նախագահը։
Գագաթնաժողովը կանցկացվի այսօր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Գագաթնաժողովի մասին
Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։
Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։
Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։

