ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում «նշանակալի քայլ» կատարելու մասին՝ Երևանում կայանալիք առաջին գագաթնաժողովին ընդառաջ

01.05.2026, 21:39
Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում
ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում «նշանակալի քայլ» կատարելու մասին՝ Երևանում կայանալիք առաջին գագաթնաժողովին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում մայիսի 4-5-ը կայանալիք Հայաստան-ԵՄ պատմական առաջին գագաթնաժողովը նշանակալի քայլ կդառնա կողմերի հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և բարեփոխումների օրակարգին։

Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ  դիվանագիտության ղեկավար  Կայա Կալասը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

«Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղություններով համագործակցությունը՝ կապակցվածության և տրանսպորտի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսություններով։ Նշվում է, որ դա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով։

«Բացի այդ, գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև (FRONTEX) միջև աշխատանքային համաձայնագիր կստորագրվի։ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը ի ցույց է դնում ԵՄ-Հայաստան համագործակցության իրական օգուտները և Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու ԵՄ հանձնառությունը։ Գագաթնաժողովից հետո սպասվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հաղորդագրության մեջ։