Սամվել Կարապետյանը մեկնաբանել է քաղաքականություն մուտք գործելու որոշումը, ՀԷՑ–ի շուրջ իրավիճակն ու արցախցիների վերադարձի հարցը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նախօրեին հարցազրույց է տվել հայկական հեռուստաալիքներին:
Նա անդրադարձել է հայաստանյան քաղաքականություն իր մուտքի պատճառներին, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, Հայաստանում պատերազմի ռիսկի մասին հայտարարություններին, ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին, արցախցիների վերադարձի հարցին և Հայաստան 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման մասին լուրերին:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Կարապետյանի ելույթի հիմնական թեզերը:
Քաղաքականություն մտնելու պատճառների մասին
Կարապետյանը հայտարարել է, որ չէր մտնի քաղաքականություն, եթե չլիներ Հայաստանի իշխանությունների կողմից իր նկատմամբ հարուցված քրեական գործը։
«Դուք կարող եք իմ խոսքերն ընկալել որպես լիրիկայի ժանրից, բայց, անկասկած, եթե իմ նկատմամբ չլիներ քրեական հետապնդում, եթե չլինեին Հայաստանի վարչապետի վերջին տարվա անկանոն շարժումները, տարբեր հարձակումները մարդկանց և հայկական ինքնության վրա, ես նույնիսկ ամենասարսափելի երազում ինձ չէի պատկերացնի քաղաքական դաշտում»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ եթե «ծառանում է Հայաստանը կորցնելու հարցը», ապա ավելի լավ կյանքի մասին բոլոր ցանկություններն ու մտքերը մղվում են երկրորդ պլան:
Կարապետյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները, իր գնահատմամբ, ուղղված են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և անդրադառնում են հայկական ինքնության հարցերին:
«Ավելի լավ է մեկ անգամ ինքդ անես ճիշտ և լավ, քան ամեն անգամ հույսը դնես այլ քաղաքական ուժերի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ իր քաղաքական ուժը ընտրությունների է գնում «բացառապես հաղթանակի համար»:
Սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին
Կարապետյանը մեկնաբանել է սեպտեմբերին Հայաստանում հնարավոր պատերազմի մասին հայտարարությունները։
«Ես վստահեցնում եմ, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմի ռիսկի մասին։
ՀԷՑ–ի հետ կապված իրավիճակի մասին
Կարապետյանը հայտարարել է, որ «Ռուսաստանից Հայաստան է վերադարձրել մի շարք ռազմավարական ակտիվներ»։
«Փաշինյանի կողմից այդքան սիրված «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ես եմ վերադարձրել Հայաստան, Հրազդանի ՋԷԿ-ը ես եմ վերադարձրել, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ես եմ վերադարձրել։ Հիմա ես ինքս եմ վերադառնում Հայաստան»,- ասել է նա։
Արցախցիների վերադարձի մասին
Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, իսկ կառավարության ձևավորումից հետո՝ քայլեր ձեռնարկել Արցախ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար։
Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման լուրերի մասին
Կարապետյանը մեկնաբանել է նաև Հայաստան ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան գալու դեպքում, իր գնահատմամբ, դա կարող է հետևանքներ ունենալ նաև հայկական բանակի համար։
«Հայաստան բերելով 300 000 ադրբեջանցի՝ մենք ստիպված կլինենք հայկական բանակ ներգրավել 10 000 ադրբեջանցի զինծառայողի»,- կարծում է Կարապետյանը։

