39-ամյա տղամարդը մոր և քրոջ օժանդակությամբ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է 12 հոգու, այդ թվում՝ անչափահասների (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Արթիկի բաժնի և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները համատեղ օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտել են հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպք։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ իրավապահների տվյալների՝ Փոքր Մանթաշ գյուղի 39-ամյա բնակիչը, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար գումար է խոստացել համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում՝ անչափահասների։
Գործընթացին օժանդակել են նաև տղամարդու ընտանիքի անդամները։
Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդն իրենց տան բակում չափահասներին վճարել է 10 հազարական, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ և խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։
Դեպքի առնչությամբ 12 անձից ընդունվել են հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։
Ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը)։
Դատարանի որոշմամբ 39-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք, մոր և քրոջ նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:

