Նոր կենսաչափական անձնագրերի թուղթը կպարունակի հայկական եռագույնով մանրաթելեր (ՖՈՏՈ)

04.05.2026, 11:20
ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի արտադրական թուղթը կունենա զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշ և բաղադրության մեջ ավելացված մանրաթելեր․ ՖՈՏՈ
Նոր կենսաչափական անձնագրերի թուղթը կպարունակի հայկական եռագույնով մանրաթելեր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի արտադրական թուղթը կունենա զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշ և բաղադրության մեջ ավելացված մանրաթելեր, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն՝ հատուկ Հայաստանի Հանրապետության համար արտադրված մանրաթելեր։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ նախարար Արփինե Սարգսյանի՝ Նիդերլանդների Հարլեմ քաղաք կատարած այցից հետո, որտեղ տեղակայված «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։ 

новый паспорт

Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։ 

Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ՝ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։ 

новый паспорт

Ֆրանսիացի և նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության առավելություններն ու ռիսկերը, բացատրել՝ գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։ 

биометрический паспорт

Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում նախ՝ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումներ։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով՝ ստացված արդյունքները կներկայացվեն ՆԳ նախարարությանը։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոր կենսաչափական անձնագրերը լինելու են կարմիր: Դրանք նախատեսվում է քաղաքացիներին տրամադրել 2026 թվականի աշնանից։